• Կալիֆոռնիայում արագության սահմանափակումները

Կալիֆոռնիայում արագության սահմանափակումները․ հիմնական կանոններ, նշաններ և DMV-ի տարածված «ծուղակներ»

Կալիֆոռնիայում արագության սահմանափակումները միայն ճանապարհի վրա նշված թիվը կարդալը չեն։ Շատ նոր վարորդներ դժվարանում են այս թեմայով, քանի որ ճիշտ պատասխանն հաճախ կախված է իրավիճակից՝ որտեղ եք գտնվում, ինչ պայմաններ են ճանապարհին և կա՞ արդյոք որևէ նշան։

DMV քննությունն էլ հենց այսպես է կառուցված․ այն ստուգում է ոչ թե պարզապես հիշողությունը, այլ իրավիճակը ճիշտ գնահատելու ունակությունը։

Այս ուղեցույցը կօգնի հասկանալ, թե ինչպես են աշխատում արագության կանոնները իրական կյանքում, ինչ անել, երբ նշան չկա, և որ հարցերն են ամենաշատը շփոթեցնում քննության ժամանակ։

Ինչու են արագության վերաբերյալ հարցերը բարդություն առաջացնում DMV քննության ժամանակ

Առաջին հայացքից այս հարցերը պարզ են թվում։ Սակայն փոքր մանրամասները կարող են ամբողջությամբ փոխել ճիշտ պատասխանը։

Քննությունը հիմնականում ստուգում է՝ կարո՞ղ եք արդյոք ճիշտ հասկանալ իրավիճակը, ոչ թե պարզապես հիշել մի թիվ։

Նույն ճանապարհը միշտ նույն արագությունը չի թույլատրում։
Օրինակ՝ բնակելի փողոցում կարելի է մեկ իրավիճակում վարել ավելի արագ, բայց նույն վայրում՝ վատ տեսանելիության պայմաններում, պետք է զգալիորեն դանդաղել։

Արագությունը կախված է մի քանի գործոնից․
երթևեկություն, ճանապարհի ձև, տեսանելիություն։

Շատ հարցերում նկարագրվում են առօրյա իրավիճակներ, ոչ թե հստակ նշաններով ճանապարհներ։ Այդ պատճառով կարևոր է հասկանալ՝ ինչ միջավայրում եք գտնվում և որ կանոնն է կիրառվում։

Կալիֆոռնիայում հիմնական (default) արագության սահմանափակումները (երբ առկա չեն ճանապարհային նշաններ)

Նույնիսկ եթե ճանապարհին արագության նշան չկա, օրենքը միևնույնն է սահմանում է կոնկրետ արագություն։ Այս սահմանափակումները գործում են ավտոմատ և ունեն նույն իրավական ուժը, ինչ նշանները։

Բիզնես թաղամասեր

Բիզնես տարածքներում արագության սահմանը սովորաբար 25 մղոն/ժամ է։

Այս տարածքները որոշվում են ոչ թե խանութներով, այլ ճանապարհի երկայնքով մոտ գտնվող շինություններով։

Շատ վարորդներ սխալմամբ կարծում են, որ լայն կամ ազատ ճանապարհը թույլ է տալիս ավելի արագ վարել։ Սակայն դա հաճախ բերում է սխալ պատասխանների քննության ժամանակ։

25 մղոն/ժամ արագության սահմանափակում բիզնես թաղամասում
25 մղոն/ժամ արագության սահմանափակում բնակելի տարածքում

Բնակելի տարածքներ

Բնակելի փողոցներում նույնպես հիմնական արագությունը 25 մղոն/ժամ է։

Եթե փողոցում կան տներ, երթևեկելի մուտքեր և կայանված մեքենաներ, այն համարվում է բնակելի՝ նույնիսկ եթե նշան չկա։

Նշանի բացակայությունը չի նշանակում, որ սահմանափակում չկա։

Դպրոցական գոտիներ (երբ երեխաներ կան)

Եթե դպրոցի մոտ երեխաներ կան, պետք է դանդաղել մինչև 25 մղոն/ժամ, եթե այլ բան նշված չէ։

Այս կանոնը գործում է դպրոցական ժամերին և այն ժամանակ, երբ երեխաները տեսանելի են։

Շատերը սխալվում են՝ մտածելով, որ այս սահմանափակումը միշտ է գործում։

25 մղոն/ժամ արագության սահմանափակում դպրոցական գոտում, երբ երեխաներ կան
15 մղոն/ժամ արագության սահմանափակման նշան նեղ անցումում (alley)

Նեղ անցումներ (alleys)

Նեղ անցումներում արագության սահմանը 15 մղոն/ժամ է։

Այս հատվածները հաճախ անտեսվում են, բայց օրենքը դրանք դիտարկում է որպես առանձին ճանապարհային գոտի՝ սահմանափակ տեսանելիությամբ, երբ ցանկացած պահի բնակիչները կարող են դուրս գալ երթևեկելի գոտի։

Ի՞նչ է նշանակում հիմնական «default» արագություն

Հիմնական արագությունը խորհուրդ չէ։
Այն պարտադիր օրենքով սահմանված արագություն է։

Շատ վարորդներ կարծում են, որ եթե նշան չկա, ապա սահմանափակում էլ չկա։ Սակայն իրականում այդ արագությունները լիովին կիրառելի են, և դրանց խախտումը կարող է հանգեցնել տուգանքի։

Նշված արագություն և իրական առօրյա պայմաններ

Ճանապարհին նշված արագությունը սովորաբար առավելագույնն է՝ իդեալական պայմաններում։

Սակայն դա չի նշանակում, որ այդ արագությունը միշտ անվտանգ է։

Օրինակ՝ անձրև, մառախուղ կամ մութը կարող են նվազեցնել տեսանելիությունը։ Այդ դեպքում նույնիսկ թույլատրելի արագությունը կարող է դառնալ վտանգավոր։

Նույնը վերաբերում է նաև՝ շինարարական աշխատանքներին, երթևեկության խտությանը կամ գոտիների փոփոխությանը։

Բացի այդ, ճանապարհի կառուցվածքն էլ է կարևոր։
Կտրուկ ոլորանները, բլուրները կամ նեղ գոտիները սահմանափակում են տեսանելիությունը և կրճատում արձագանքելու ժամանակը։

Ուստի վարորդը պետք է միշտ հարմարեցնի արագությունը իրավիճակին։

Երբ դանդաղ վարելը նույնպես խնդիր է

Շատ նոր վարորդներ կարծում են, որ որքան դանդաղ վարեն, այնքան անվտանգ է։ Սակայն դա միշտ ճիշտ չէ։

Եթե շարժվում եք զգալիորեն ավելի դանդաղ, քան մնացած երթևեկությունը, կարող եք խանգարել հոսքին և ստեղծել վտանգավոր իրավիճակներ։

Սա հատկապես կարևոր է մայրուղիներում և բազմագոտի ճանապարհներին։

Օրինակ՝ ձախ գոտին սովորաբար օգտագործվում է առաջանցման համար։ Եթե այնտեղ դանդաղ եք շարժվում առանց պատճառի, կարող եք առաջացնել խցանում և երթևեկության գոտու վտանգավոր փոփոխումներ այլ վարորդների կողմից։

Իհարկե, կան իրավիճակներ, երբ պետք է դանդաղել․
ծանր երթևեկություն, վատ եղանակ, ճանապարհային վտանգներ և խոչընդոտներ:

Կարևորն այն է, որ ձեր արագությունը համապատասխան լինի իրավիճակին։

DMV հարցաշարերում հաճախ հանդիպող շփոթեցնող իրավիճակներ

Քննության ժամանակ կան մի քանի տարածված սխալներ, որոնք վարորդները հաճախ են անում։

Օրինակ՝ շատերը կարծում են, որ մայրուղիներում միշտ կարելի է վարել 65 մղոն/ժամ։ Սակայն իրականում արագությունը կարող է տարբեր լինել՝ կախված տեղից և պայմաններից։

Եղանակի մասին նշումները նույնպես կարևոր են։ Եթե հարցում նշվում է անձրև կամ մառախուղ, դա ազդում է ճիշտ պատասխանի վրա։

Դեղին խորհուրդ տվող նշանները նույնպես շփոթեցնում են։ Դրանք ցույց են տալիս առաջարկվող արագությունը, բայց նույն օրինական ուժը չունեն ինչ կարգավորող ճանապարհային նաշանները։

Շատերը նաև անտեսում են բնակելի փողոցները և նեղ անցումները, սակայն քննության մեջ դրանք կարևոր դեր ունեն։

65 մղոն/ժամ արագության սահմանափակման նշան մայրուղում

Ինչպես ճիշտ պատրաստվել արագությանը վերաբերող հարցերին

Ամենաարդյունավետ մոտեցումը թվեր անգիր անելը չէ։ Փոխարենը՝ պետք է հասկանալ իրավիճակները։

Երբ հասկանում եք, թե ինչու է տվյալ արագությունը կիրառվում, ավելի հեշտ է գտնել ճիշտ պատասխանը, նույնիսկ, եթե հարցը ձևափոխված է։

Փորձեք աշխատել իրական իրավիճակների օրինակներով։ Ուշադրություն դարձրեք՝ որտեղ եք գտնվում, որքան հեռու եք տեսնում և ինչպես է շարժվում երթևեկությունը։ Այս մոտեցումը շատ մոտ է իրական վարելուն։

Կարող եք սկսել Կալիֆոռնիայի արագության սահմանափակումների վերաբերյալ թեստային հարցերով՝ հասկանալու համար, թե ինչպես են կանոնները կիրառվում տարբեր իրավիճակներում։

Արագությունը կապված է նաև այլ կանոնների հետ։ Օրինակ՝ գոտիների օգտագործումը և ճանապարհային գծանշումները նույնպես ազդում են անվտանգ արագության ընտրության վրա։

Երբ աշխատում եք իրական սցենարներով, զարգացնում եք ոչ միայն քննության համար անհրաժեշտ հմտությունները, այլ նաև անվտանգ վարելու սովորությունները։